Երևանում իր գործունեությունն է սկսել ֆուտբոլասերների նոր ակումբ, որը կրում է «Red Eagles» անունը: Այն հիմնադրվել է Հայաստանի հավաքականին աջակցելու համար: Armsport.am-ը զրուցեց ֆան-ակումբի հիմնադիր Դենիս Սարգսյանի հետ:
- Դենիս, ինչպե՞ս առաջացավ նման ֆան-ակումբ ստեղծելու գաղափարը: Ի վերջո, Հայաստանի հավաքականն արդեն ունի իր ֆան-ակումբը…
- Նման ակումբ բացելու գաղափար վաղուց կար, սակայն ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում կյանքի կոչել այն: Այս տարի վերջապես կարողացանք բացել ակումբը ու սկսել ենք մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել այն կայացնելու ուղղությամբ:
Այսօր աշխարհում քիչ չեն հավաքականները ու ակումբները, որոնք ունեն ոչ թե մեկ, այլ մի քանի ֆան-ակումբներ, որոնք իրար ամենևին էլ չեն խանգարում, այլ նպաստում են ընդհանուր գործի զարգացմանը: Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումներին տրիբունաները լեփ-լեցուն են, սակայն բոլորս էլ տեսել ենք, որ միայն արևելյան տրիբունան է FAF-ի ջանքերով ակտիվ, իսկ մյուս տրիբունաներում լրիվ այլ պատկեր է:
«Red Eagles»-ը բացելուն նպաստեց նաև Odnoklassniki-ում գործող Հայաստանի հավաքականի աջակիցների խումբը: Այն հիմնադրել եմ ես ու այսօր մենք այդ խմբում ունենք 33 հազարից ավել անդամ, որոնց մի մասը բավական ակտիվ է: Խմբի անդամներն էլ ողջունեցին ֆան-ակումբ ստեղծելու գաղափարը, եղան քննարկումներ, հնչեցին տարբեր կարծիքներ: Խմբում քիչ չեն արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները, որոնք մեզ խորհուրդներ են տալիս, հետաքրքրվում են գործունեությամբ, փորձում են աջակցել:
- Իսկ ինչո՞ւ «Red-Eagles»:
- Արծիվը խորհրդանշում է Հայաստանը, իսկ կարմիր գույնը գերիշխում է մեր հավաքականի տնային մարզահագուստում:
- Ներկայումս կատարո՞ւմ եք անդամագրում:
- Մայիսի 5-ին տեղի ունեցավ «Red Eagles»-ի ակտիվիստների առաջին ժողովը, իսկ մայիսի 13-ին մեծ ժողով ենք նախատեսել: Այս պահին ունենք շուրջ 100 անդամ: Այժմ մենք պատրաստվում ենք Ղազախստանի հետ ընկերական խաղին: Ղազախստանի ու Բելառուսի հետ հանդիպումները մեզ համար փորձ ձեռք բերելու առիթ են, իսկ մեր պաշտոնական նորամուտը մարզադաշտում կլինի հոկտեմբերին Իտալիայի հետ կայանալիք խաղը: Ովքեր ցանկանում են անդամագրվել կարող են նամակ ուղարկել redeagles@list.ru հասցեին կամ զանգահարեն 055093994 հեռախոսահամարով:
- Արդեն խոսվեց այն մասին, որ Հայաստանի հավաքականն ունի ֆան-ակումբ հանձին FAF-ի: Նրանց հետ համագործակցո՞ւմ եք:
- Պետք է անպայման համգործակցենք, որ միմյանց մարզադաշտում չխանգարենք: